Ֆուտբոլասերը հարկավ շարունակում է մնալ Չեմպիոնների լիգայի առաջին ությակի մեկ ութերորդ եզրափակչի պատասխան խաղերի ու հատկապես «Բարսելոն»-«Պարի Սեն Ժերմեն» դիմակայության տպավորության տակ ու ահա, խնդրեմ, վրա է հասնում երկրորդ ությակի գործի անցնելու ժամանակը. մարտի 14-ին՝ «Լեստեր»-«Սևիլիա», «Յուվենտուս»-«Պորտու», հաջորդ օրը՝ «Աթլետիկո»-«Բայեր», «Մոնակո»-«Մանչեստր Սիթի» ոչ պակաս հետաքրքրական, ինտրիգային դիմակայություններ: Սակայն, այս ամենով հանդերձ, եկեք չմոռանանք եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունների մեզ համար հանգստյան, իրենց համար լարված մրցումային օրերը:
ԳԵՐՄԱՆԻԱ
«Բավարիան» տարավ մարզասերի համար արդեն սովորական դարձած, ոչնչով չզարմացնող իր հերթական հաղթանակը: Մյունխենցիներին հյուր ժամանած «Այնտրախտը» ոչինչ չկարողացավ հակադրել տանտերերին ու զիջեց 0:3 հաշվով: Նորից արդյունավետությամբ փայլել է Ռոբերտ Լևանդովսկին՝ դառնալով կրկնագոլի հեղինակ: Բավարացիների այս հաղթական ելույթի ֆոնին պարտություն կրեցին թե՛ երկրորդ հորիզոնականում գտնվող «Լայպցիգը» ¥նվազագույն հաշվով զիջել է հյուր եկած «Վոլֆսբուրգին»¤, թե՛ «Հերտային» հյուր գնացած Դորտմունդի «Բորուսիան»՝ 1:2: Վերջինիս վրիպումից շահեկանորեն կարող էր օգտվել «Հոֆենհայմը», սակայն այդ դիմակայությունում տանտիրոջ կարգավիճակով հանդես եկած «Ֆրայբուրգը» գտավ, որ հյուրերին մեկ միավորն էլ բավական է՝ 1:1:
Աղյուսակը 59 միավորով գլխավորում են մյունխենցիները, ու գործնականում անհնար է հավատալ, որ Բունդեսլիգայում կգտնվի թիմ, որը կարողանա ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնական տիտղոսի համար մրցակցել «Բավարիայի» հետ: Մյունխենցիներից տասը միավորով հետ է «Լայպցիգը», որի պարտությունը, նկատի ունենալով առաջնության նորեկի գերազանց մրցելույթները, բոլոր դեպքերում անակնկալների դասից էր: Դորտմունդցիներն ունեն 43 միավոր, նրանցից մեկ միավորի հեռավորության վրա է «Հոֆենհայմը»: Եվրագոտում շարունակում են մնալ «Հերտան» ու վերջին շրջանում աջ ու ահյակ միավորներ շաղ տվող «Այնտրախտը»:
ԻՍՊԱՆԻԱ
Արդեն երրորդ րոպեին «Սևիլիան» գնդակ «կերավ» մրցաշարային աղյուսակի վտանգավոր գոտում գտնվող «Լեգանեսից»: Անդալուզցիների համար դա եղավ այնպիսի խոշոր շորշոփ, որի ազդեցության տակ մնացին ամբողջ խաղի ընթացքում: Ճիշտ է, առաջին խաղակեսի ավարտին մոտ նրանք վերականգնել էին հաշվի հավասարությունը, սակայն դա մխիթարանք չի կարող լինել մեդալների համար պայքարող թիմի համար:
Այն, ինչ կարողացավ անել «Բարսելոնը» Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդում «Պարի Սեն Ժերմենի» հետ խաղում, չկարողացավ «Դեպորտիվոյի» հետ: Կատալոնյան ակումբի 1:2 հաշվով պարտությունը մեծագույն նվեր էր թե՛ տանտերերի, թե՛ Մադրիդի «Ռեալի» համար, որը սեփական հարկի տակ «Բետիսին» հաղթելու դեպքում կրկին կարող էր վերադառնալ առաջին հորիզոնական: Հանդիպումը բավական ծանր ստացվեց մադրիդցիների համար: Եվ, ինչպես հաճախ է պատահում, կրկին իր բարձրության վրա գտնվեց Սերխիո Ռամոսը, որի գլխով անկասելի հարվածը հաղթանակ բերեց «արքայականին»՝ 2:1: Ի դեպ, սա այս հրաշալի պաշտպանի առաջին մրցաշրջանն է, որի ընթացքում հեղինակել է տասը գոլ, բայց ի՜նչ գոլեր: «Բետիսին» խփած այս գնդակը Ռամոսի կարիերայում թվով 68-րդն էր: Այս ցուցանիշով «արքայականի» պաշտպան-ռմբարկուների ցանկում նա զույգ կազմեց լեգենդար Ռոբերտո Կառլոսի հետ:
62 միավորով ու պակաս անցկացրած մեկ խաղով «Ռեալը» դարձյալ առաջին հորիզոնականում է: «Բարսելոնը» հետ է երկու միավորով, իսկ «Սևիլիայի» միավորների թիվը 57 է:
Հիշատակենք և եվրագոտում գտնվող մյուս թիմերին: Չորրորդ հորիզոնականում «Աթլետիկոն» է (նվազագույն հաշվով արտագնայում պարտության է մատնել «Գրանադային»), նրան հաջորդում են «Վիլյառեալն» ու Սոսիեդադի «Ռեալը»:
ԻՏԱԼԻԱ
Թե ինչու ավելացված չորսի փոխարեն «Յուվենտուս»-«Միլան» դիմակայության մրցավարը կողմերին թողեց մեկ րոպե ավելի խաղալ, հայտնի է մեկ իրեն, մեկ Աստծուն: Արդյունքում «ծեր սինյորան» եզրափակիչ սուլոցից առաջ վաստակեց տասնմեկմետրանոց ու հաղթանակ տոնեց 2:1 հաշվով՝ այս կերպ պատասխանելով երկրի սուպերգավաթում միլանցիներից կրած պարտությանը:
Ժամեր առաջ հանդես եկած ու «Կրոտոնեին» 3:0 հաշվով հաղթած «Նապոլիին» «Ռոման» երկար չթողեց երկրորդ հորիզոնականի բերկրանքը վայելել: Արտագնայում իտալական «գայլերը» երեք անպատասխան գնդակ ուղարկեցին «Պալերմոյի» դարպասը: «Յուվենտուսն» ունի 70, «Ռոման»՝ 63, «Նապոլին»՝ 60 միավոր:
Նշենք, որ գնալով ավելի սուր բնույթ է ստանում եվրագոտում հայտնվելու համար պայքարը: 7:1 հաշվով հաղթելով հյուր ժամանած «Ատալանտային»՝ «Ինտերն» այնտեղից դուրս մղեց օրվա իր մրցակցին: Եվրագոտում է նաև երեկ «Թուրինին» հյուրընկալած «Լացիոն»:
ՖՐԱՆՍԻԱ
Գնալով «Նիցցան» ավելի ու ավելի հաճախ է հիշեցնում խորհրդային իրականությունում ծնվածի: Ինչո՞վ: Հենց նրանով, որ իր համար ստեղծում է արհեստական արգելքներ, ապա նոր անցնում դրանց հաղթահարմանը: Հարավցիները նույնքան հարավցիների՝ «Կաննի» հետ խաղում սկզբում բաց թողեցին երկու գոլ և դրանից հետո անցան դրանց չեզոքացմանը: Ինչ խոսք, որ 2:2 հաշիվը լիակատար չի կարող բավարարել «Նիցցային», քանի որ չեմպիոնական ոսկու համար թիմը կենաց-մահու կռվի մեջ է մտել «Մոնակոյի» ու «Պարի Սեն Ժերմենի» հետ, իսկ դիվիզիոնի առաջին եռյակում այնպիսի խիտ դասավորություն է, որ յուրաքանչյուր միավոր բառացիորեն ոսկու գին ունի: «Նիցցայի» այս վրիպումից առավելագույնս կարող էր օգտվել «Բարսելոնի» հետ Չեմպիոնների լիգայի մեկ քառորդի պատասխան խաղից հետո աշխարհի ամենադժբախտ թիմ դարձած «Պարի Սեն Ժերմենը», եթե հաղթեր աղյուսակը եզրափակող «Լորիանին»: Կարճ ասենք՝ մայրաքաղաքցիները հաղթել են 2:1 հաշվով:
«Մոնակոն» «Բորդոյի» հետ խաղը հարկավ կշահեր չոր հաշվով, եթե խաղավերջին մանկական սխալ թույլ չտար դարպասապահը՝ 2:1: Ինչևէ, մոնեգասկների համար շատ ավելի կարևորը վաստակած երեք միավորն էր, ինչն էլ նրանց նորից պահեց աղյուսակի առաջին հորիզոնականում: Մոնակոն» ունի 68, ՊՍԺ-ն՝ 65, «Նիցցան»՝ 63 միավոր:
Ֆրանսիայի առաջնությունից հիշատակենք նաև «Լիոնին», որը դավանում է ակտիվ, հարձակողական ֆուտբոլն ու աչքի է ընկնում գոլառատ խաղով: Լիոնցիների վերջին հաղթանակը «Բորդոյի» նկատմամբ էր, 4:0 հաշվով: Ի դեպ, «Լիոնը» 50 միավորով չորրորդ հորիզոնականում է, եվրոպական գոտին կազմող թիմերի շարքում:
ԱՆԳԼԻԱ
«Տոտենհեմ»-«Միլուոլ», «Միդլսբրո»-«Մանչեստր Սիթի», «Արսենալ»-«Լինքոլն», «Չելսի»-«Մանչեստր Յունայթեդ» գավաթային դիմակայությունների պատճառով պրեմիեր լիգայի առաջին վեցյակից առաջնության խաղ, փաստորեն, միայն «Լիվերպուլն» ուներ: Հաղթանակը Յուրգեն Կլոպի սաներին թեպետ առաջին եռյակ ներխուժելու հնարավորություն չէր տալիս, սակայն կօգներ ավելի պինդ մնալու չորրորդ հորիզոնականում՝ պահելով 56 միավորով երկրորդ-երրորդ տեղերում գտնվող «Տոտենհեմի» ու «Մանչեստր Սիթիի» հետ հարևանությունը, վերջիններիցս հետ մնալը հասցնելով մեկ միավորի: Լիվերպուլցիները հաջողությամբ լուծեցին խնդիրը ¥2:1¤՝ կամային հաղթանակով «Բյոռնլիից» միաժամանակ վրեժխնդիր լինելով մրցաշրջանի առաջին կեսում կրած պարտության համար:
Ինչ վերաբերում է գավաթային մեկ քառորդի հանդիպումներին, «Միդլսբրոն» 0:2 հաշվով զիջեց «Մանչեստր Սիթիին», «Արսենալը» հինգ անպատասխան գոլ խփեց «Լինքոլնին», «Արսենալից» շատ ավելի առաջ գնաց «Տոտենհեմը»՝ 6:0 հաշվով պարտության մատնելով «Միլուոլին»: Հաղթած երեք թիմերն էլ կիսաեզրափակչում են: Գավաթային մյուս՝ «Չելսի»-«Մանչեստր Յունայթեդ» դիմակայությունը երեկ երեկոյան էր, թերթում տեղ գտնելու համար բավականին ուշ ժամի:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ